Յայտարարութիւն՝ Արցախցիներու Իրաւունքներու Պաշտպանութեան Խորհուրդի
ԵՐԵՒԱՆ.- Հինգշաբթի, Յուլիս 17-ին, արցախցիներու իրաւունքներու պաշտպանութեան խորհուրդը հրապարակեց յայտարարութիւն մը՝ դատապարտելով Հայաստանի իշխանութիւններուն քայլերը՝ Արցախի կառոյցներուն դերը նսեմացնելու եւ զանոնք վերացնելու:
Ստորեւ՝ յայտարարութիւնը.-
Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհուրդը դատապարտում է Հայաստանի գլխաւոր դատախազութեան կողմից Վարչական դատարան ներկայացուած հայցը՝ Երեւանում Արցախի Հանրապետութեան ներկայացուցչութեան շէնքի նկատմամբ սեփականութեան իրաւունքը անվաւեր ճանաչելու պահանջով: Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները փաստացի քայլեր են ձեռնարկում՝ Արցախի Հանրապետութեան ինստիտուտների դերը նսեմացնելու եւ դրանք վերացնելու ուղղութեամբ: Յստակ ընդգծում ենք՝ նման քայլերը խիստ անընդունելի ու դատապարտելի են մեզ համար:
Խորհուրդն իր գործունէութեան առաջին իսկ օրերից ընդգծել է պետական ինստիտուտների պահպանման առաջնահերթութիւնը: Խորհրդի կազմում ընդգրկուած են ներկայացուցիչներ ԱՀ Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցութիւններից: Նոյն սկզբունքով է կազմուել նաեւ Մարտի 29ի մեր Պահանջագրի 12րդ կէտը, որը վերաբերում է լեգիտիմ (օրինական) ներկայացուցիչների դերին: ՀՀ կառավարութեան հետ բանակցութիւնների ընթացքում Խորհուրդը հանդէս է եկել առաջարկով՝ Արցախի խորհրդարանական ուժերից ներկայացուցիչներ ներգրաւելու մասնագիտական աշխատանքային խմբերում: Այս բոլոր քայլերի հիմքում ընկած է եղել մէկ գերակայ գաղափար՝ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը:
Արցախի պետական ինստիտուտների գոյութեան եւ շարունակականութեան կարեւորութիւնը մեզ համար անսակարկելի արժէք եւ կարեւոր նպատակ է: Մենք խորապէս կարեւորում ենք Արցախի մշտական ներկայացուցչութեան շէնքի պահպանութիւնը Երեւանում եւ վստահեցնում ենք, որ շարունակելու ենք անել ամէն հնարաւորը պետական ինստիտուտների ու Ներկայացուցչութեան շէնքի պահպանման ուղղութեամբ՝ անկախ այդ շէնքից մեր գրասենեակը հանելու վերաբերեալ որոշումից:
Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա, ինչպէս արդէն իսկ յայտարարուել է, Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհուրդը որոշում է կայացրել այս փուլում դադարեցնել փողոցային պայքարը: Խորհուրդը նախատեսում է՝
1. Վերակազմաւորում, ինչը ենթադրում է թէ՛ կառուցուածքային, թէ՛ ռազմավարական վերանայում:
2. Համագործակցութիւն արցախահայութեան իրաւունքներով զբաղուող տեղական եւ միջազգային կառոյցների հետ:
3. Մարզային այցելութիւնների շարունակութիւն եւ տեղերում ԱԻՊ Խորհրդի մարզային թիմերի ձեւաւորում:
Այս որոշումները պայմանաւորուած են մի շարք հանգամանքներով, ներառեալ՝ երկրում առկայ ներքաղաքական իրավիճակով եւ ՀՀ կառավարութեան որդեգրած դիրքորոշումներով, որոնք իրենց ազդեցութիւնն են թողել նաեւ Յուլիսի 12ի հանրահաւաքի եւ դրան առնչուող զարգացումների վրայ:
Խորհուրդն ամիսներ շարունակ գործադրել է ջանքեր Արցախի ժողովրդի իրաւունքների եւ Արցախ վերադարձի հարցերի շուրջ համահայկական օրակարգ ձեւաւորելու ուղղութեամբ: Ցաւօք, այդ նախաձեռնութիւնը լայն արձագանգ չստացաւ: Չյաջողուեց ստանալ համապատասխան աջակցութիւն ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի քաղաքական կուսակցութիւններից, ինչպէս նաեւ մտաւորական եւ հանրային ակտիւ (աշխոյժ) շրջանակներից:
Խորհուրդը՝ դադարեցնելով բանակցութիւնները ՀՀ կառավարութեան հետ եւ նախաձեռնելով հանրահաւաք, բախուեց ուժեղացուած ճնշումների: Հանրահաւաքի կազմակերպիչների նկատմամբ կիրառուեցին մի շարք խոչընդոտներ՝ սկսած խորհրդի անդամների դէմ բռնաճնշումներից, Ազատութեան հրապարակում եւ Բաղրամեան պողոտայում կենտրոնացուած մեծաքանակ ոստիկանական ուժերից, մինչեւ երթի անցկացման անօրինական արգելքը: Բացի այդ, արձանագրուեցին խափանման դէպքեր, երբ մարզերից Երեւան ժամանող մեր հայրենակիցների մասնակցութիւնն արհեստականօրէն խոչընդոտուեց:
Այնուամենայնիւ, խորհուրդը հաւատում է, որ անգամ այս բարդ փուլում մեր միասնական ջանքերը կարող են ապահովել Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնը, այդ թւում՝ պետական ինստիտուտների պահպանումը: Ուստի, չնայած առկայ մարտահրաւէրներին ու դժուարութիւններին, մենք շարունակելու ենք մեր ջանքերն այդ ուղղութեամբ՝ չբացառելով համագործակցութիւնը բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի հետ: