Խոհեր` Ցեղասպանութեան 110-րդ Տարելիցի Առիթով
«Դրօշակ» – Ապրիլ 2025
Առաջնորդող Յօդուած
Իսթամպուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալութիւնից յետոյ Թուրքիայում սկսուեցին լայնածաւալ հանրահաւաքներ: Այդ հանրահաւաքների ժամանակ ցուցարարների վեր պարզած պաստառների շարքում էին Հայոց ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչնէր Թալէաթի, Ճեմալի, Էնվէրի լուսանկարները: Ակնյայտ է, որ թուրք հասարակութեան համար այսօր էլ երիտթուրք առաջնորդները կենդանի կուռքեր են, ինչն էլ նշանակում է, որ այդ հասարակութեան համար դրական օրինակներ են նրանց կատարած գործերը, այդ թւում` հայ ժողովրդի դէմ իրականացուածը: Յետադարձ հայեացք նետելով մինչեւ 1915 թուական եւ դրանից էլ առաջ` Համիտեան արիւնալի ժամանակներ` տեսնում ենք, որ կայսրութեանը մաս կազմած ժողովուրդների նկատմամբ թրքական պետական քաղաքականութիւնը եւ հասարակական տրամադրութիւնները յաջորդող տասնամեակների ընթացքում չեն փոխուել: Չնայած 1923 թուականի Լոզանի պայմանագրով ազգային փոքրամասնութիւնների համար Թուրքիոյ ստանձնած պարտաւորութիւններին, այս երկիրը չի հեռացել իր ֆաշիստական էութիւնից, այսօր էլ այնտեղ փոքրամասնութիւնների համար վտանգաւոր են էթնիկական ինքնութեան զանազան դրսեւորումները` 1915 -23 թուականներից յետոյ էլ, տարբեր ժամանակներում դրանց հետեւել են հալածանքները, բանտարկութիւնները, սպանութիւնները, էթնիկական խմբերի զանգուածային տեղահանումներն ու տեղափոխութիւնն այլ բնակավայրեր, ինչպէս եւ սահմանափակ տարածքներում իրականացուած ջարդերը: Նոյն ժամանակ հետեւողականօրէն շարունակուել է ոչ թուրք ժողովուրդների մշակութային ու հոգեւոր արժէքների եւ սրբավայրերի ոչնչացումն ու թրքացումը:
Հայ խմբագիր եւ հասարակական գործիչ Հրանդ Տինքը 2007 թուականին թուրք ազգայնամոլի կրակոցից օրը ցերեկով սպանուեց Իսթամպուլի կեդրոնում այն պատճառով, որ բարձրաձայնում էր Հայոց ցեղասպանութեան մասին: Հրանտ Տինքին չփրկեց այն հանգամանքը, որ Թուրքիոյ օրինապաշտ քաղաքացի էր եւ հաւատում էր, թէ ժողովրդավարացման ճանապարհով Թուրքիան կը վերափոխուի: Նոյն կերպ Թուրքիայում հալածւում են նաեւ այն յատուկենտ թուրք մտաւորականները, ովքեր փորձում են անցեալի մասին ճշմարտութիւններ ասել իրենց ժողովրդին: Իրենց կեանքի դէմ ֆիզիկական սպառնալիք զգալով` Թուրքիայից փախուստ են տուել պատմաբան Թաներ Աքչամը, հասարակական գործիչ, հրատարակիչ Ռակըփ Զարաքոլուն, գրող Օրհան Փամուքը եւ ուրիշներ: Պետական մակարդակով թրքական պատմագրութիւնը մշտապէս խեղաթիւրել ու գլխիվայր է շուռ տուել պատմական իրողութիւնները:
Վերջին տասնամեակներին, կարծես գնահատելով իրենց թոյլ տեղը, Թուրքիան, ու նրա հետ նաեւ Ատրպէյճանը, պետական քաղաքականութեան մաս են դարձրել Հայ դատի ուղղութեամբ աշխատանքների դէմ լայնածաւալ պայքարի կազմակերպումը արտերկրում: Չեն խնայւում միջոցներ գնելու համար քաղաքական գործիչների, պատմաբանների ու լրագրողների, Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման, հայ ժողովրդի իրաւունքների վերականգնման համար պայքարի դէմ կազմակերպւում են սադրանքներ, աւերւում եւ պղծւում են յուշարձաններ եւ այլն: Արցախեան շարժմանը նախորդող տասնամեակներում էլ թուրք, ինչպէս եւ ատրպէյճանական քարոզչամեքենան չի դադարել սեփական հասարակութիւններին սնելը հակահայկականութեան թոյնով եւ ատելութեամբ: Մի՞թէ դրա դրսեւորումները չեն եղել Նախիջեւանի եւ Դաշտային Ղարաբաղի հայաթափումը, յուշարձանների ոչնչացումը, հալածանքների ու սպանութիւնների բազմաթիւ փաստերը, եւ իհարկէ, նոյնը տեղի է ունեցել Թուրքիայում: Իսկ երբ որեւէ հասարակութեան համար գաղափարախօսութիւնը վերածւում է հաւատոյ հանգանակի, ապա այդ հանրոյթը մշտապէս ծնելու է համապատասխան իշխանութիւն: Էրտողանի իշխանութեան գալով` Թուրքիան որդեգրեց Օսմանեան կայսրութեան վերածնութեան` Նէօ-օսմանիզմի գաղափարախօսութիւնը: Դրան հետեւեց թրքական ակտիւ գործունութիւնը Ղրիմում, Կենտրոնական Ասիայում, Սիրիայում, Լիբանանում, Լիպիայում եւ առհասարակ Ափրիկեան մայրցամաքում ու Պալքաններում: Թուրքիան այսօրուայ դրութեամբ յաջողել է Ռուսաստանի ազդեցութեան դաշտից պոկել եւ իր ազդեցութեանը ենթարկել Ատրպէյճանը: Նոյն քաղաքականութեան դրսեւորումն էր Արցախի ցեղասպանութեան հարցում Թուրքիոյ ունեցած կարեւորագոյն դերակատարութիւնը: Հետեւելով փանթուրքիզմի ու փանթուրանիզմի իտէալներին` այսօրուայ թրքական իշխանութիւնների գլխաւոր խնդիրներից մէկն է «Զանգեզուրեան միջանցք»-ին տիրելը, եւ առհասարակ հայկական գործօնի ոչնչացումը: Պէտք չէ զարմանալ, որ այլ տարածաշրջաններում յաճախ շատ ագրեսիւ Թուրքիան Զանգեզուրին ու ողջ Հայաստանին վերաբերող իր ծրագրերի հարցում զգուշաւոր է, չի դրսեւորում Հայաստանի իշխանութիւնների հետ ունեցած իր պայմանաւորուածութիւնները եւ գերադասում է դրանք առաջ մղել Ատրպէյճանի, որպէս թէ Հայաստանի կողմից ակրեսիա-ի ենթարկուած պետութեան անունից: Պատճառն այն է, որ, ի տարբերութիւն Հայաստանի տգէտ ղեկավարութեան, թուրքերը հասկանում են, որ Ռուսաստանն այդպէս հեշտօրէն չի հրաժարուելու իր երկուհարիւրամեայ ազդեցութեան գօտուց: Թուրքերն, իհարկէ, Ատրպէյճանի հրապարակային եւ իրենց քուլիսային ջանքերով կը շարունակեն Հայաստանի իշխանութեանը վերջնական կապիտուլեացիայ պարտադրող ճնշումը: Միաժամանակ, չի բացառւում, որ Արցախի կամ Սիրիայի օրինակով տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական նպաստաւոր պահը ճիշտ գնահատելով` անակնկալ հարուածով լուծեն իրենց հետապնդած հիմնական խնդիրները:
Թուրքերը իրենց նուաճողական քաղաքականութեան գործիքակազմի շարքում յաճախ յենուել են հակառակորդի ամբողջականութիւնը պառակտելու, նրա ներսում իրենց հինգերորդ շարասիւնը ստեղծելու գործելակերպին:
Անգամ Բիւզանդական կայսրութիւնը չփլուզուեց առանց իր ներսում եղած թրքամէտ հոսանքի դերակատարութեան:
Հայ ժողովրդին վերջին հարիւր տարում ոչինչ այնպէս չէր միաւորել, ինչպէս ցեղասպանութեան եւ հսկայակայն տարածքային կորուստների զաւթման հետեւանքով ձեւաւորուած հակաթուրքականութեան գաղափարը: Այդ գաղափարը հայրենիքում կենդանի էր անգամ խորհրդային վերազգային, ամբողջատիրական գաղափարախօսութեան շրջանում, երբ Հայ դատի ուղղութեամբ գործունէութիւնը, անգամ որեւէ հրապարակային խօսք կ’ենթարկուէին հետապնդումների:
Հայաստանի անկախացումն ու Արցախի ազատագրումն աւելի ինքնավստահ դարձրին հայութեանը, միաւորեցին հայրենիքն ու Սփիւռքը` ազգային ինքնութեան եւ ընդհանուր հեռանկարի շուրջ, Հայ դատի գաղափարախօսութիւնը դարձաւ ազգային ռազմավարութեան կարեւոր բաղկացուցիչներից մէկը: Հայութիւնը թւում էր միասնական եւ ամուր ամբողջութիւն եւ համարժէք սթափութիւն չդրսեւորուեց ներս թափանցող զանազան հոսանքների, արտաքին ֆինանսաւորմամբ Հայաստանում գործունէութիւն ծաւալող բազմազան հասարակական կազմակերպութիւնների, ինչպէս եւ այն երիտասարդութեան նկատմամբ, որը երկրից դուրս էր գալիս տարբեր հաստատութիւններում կրթուելու, դասընթացների կամ այլ միջոցառումների մասնակցելու նպատակով:
Կարելի է պարզապէս յիշել Հայաստանում ներքին դժգոհութիւնների գեներացման եւ իշխանափոխութեան հարցում բոլոր այդ կազմակերպութիւնների ու անհատների ունեցած դերակատարութեան մասին, որոնք բոլորը յետոյ տեղ ունեցան նոր իշխանութեան մէջ, եւ Հայաստանում արդէն եօթ տարի ոչ ոք չի լսում այդ իրաւապաշտպանների, բնապահպանների ձայները:
Այնքան աներեւակայելի էր տեղի ունեցածը, որ հայ հասարակութիւնը երկար ժամանակ չէր կարողանում հաւատալ, թէ Հայաստանում իշխանութեան է եկել թրքական շահերին ծառայող քաղաքական հոսանքը:
Թուրք-արեւմտեան շահառուների եւ Հ․Հ․Շ․-ական նախորդների սնուցած գաղափարախօսութեան համաձայն թրքամէտների այս խմբակը համոզուած էր, թէ հայ -ատրպէյճանաթուրքական թշնամՠնքի պատճառն Արցախի ազատագրումն է, հայութեան պատմական յիշողութիւնն ու Հայ դատի գաղափարախօսութիւնը եւ, իհարկէ, ռուսների ներկայութիւնը տարածաշրջանում: Ըստ վերջինի, ռուսներն են հայերի մէջ բորբոքել հակաթրքականութիւնը, նրանք են մղել թշնամանքի, ինչի հետեւանքն էլ եղել է ցեղասպանութիւնը: Հայոց պատմական յիշողութեան ու պահանջների հրահրողն էլ նոյն ռուսներն են (դէպի այս գաղափարախօսական ծուղակն է ցանկանում հայութեանը մղել Նիկոլ Փաշինեանը, երբ ակնարկում է ցեղասպանութեան եւ դրա իրականացման ու հետեւանքների ճանաչման պայքարի պատճառները փնտրելու անհրաժեշտութեան մասին): Իրականացնելով գաղափարաքաղաքական ծրագիրը` Հայաստանի իշխանութիւնը զիջեց Արցախը, հրաժարուեց պատմական հայրենիքից եւ նրա դատից` ճանաչելով հայրենիքը Հայաստանի Հանրապետութեան սահմաններում, թուրքական տեսութեան համաձայն վերանայում է հայոց պատմութիւնն ու պատմագրութիւնը, առհասարակ ոչնչացման է տանում աւանդական հայագիտութիւնը, որդեգրել է հակառուսական քաղաքականութիւն, կապերը խզել է ՀԱՊԿ ռազմական դաշինքի հետ եւ պատրաստւում է ռուսական ռազմական սահմանափակ ուժերը դուրս բերել Հայաստանից, սակայն իր բոլոր զիջումների դիմաց ատրպէյճանաթրքական կողմը չի կատարում նրա միակ խնդրանքը` չի համաձայնում կնքելու «խաղաղութեան պայմանագիր»:
Նիկոլ Փաշինեանը եւ նրա քիչ թէ շատ մտածելու ունակ թիմակիցներն արդէն հասկացել են, որ ամբողջովին ձախողուել են` յայտնուելով գաղափարաքաղաքական փակուղում: Արցախի յանձնումը ոչ թէ բերեց Ատրպէյճանի հետ հաշտութեան, այլ աւելի ակրեսիւ դարձրեց վերջինին: «զանգեզուրի միջանցքիէ պահանջի հետ Ատրպէյճանը ողջ Հայաստանի Հանրապետութիւնն է այսօր անուանում Արեւմտեան Ատրպէյճան, ռազմականօրէն ամրապնդում է Հայաստանից գրաւած տարածքները, պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախաձեռնութեամբ վերջնականապէս խաչ քաշել Արցախի հարցի վրայ, Հայաստան վերադարձնել 300.000 փախստական Ատրպէյճանցիների եւ այլ պահանջներ է ներկայացնում, որոնց ցանկը գնալով աւելի է ընդլայնւում: Հայաստանի իշխանութիւնը տեսնում է նաեւ, որ իր բոլոր զիջումների դիմաց ոչ մի դրական տեղաշարժ չկայ հայ-թուրքական յարաբերութիւններում:
Մեծ գումարներ ծախսելով` Փաշինեանը Երեւան հրաւիրեց թուրք լրագրողների, որպէսզի նրանց միջոցով Թուրքիա յատուկ ուղերձ ուղարկէր այն մասին, որ Հայոց ցեղասպանութեան հարց իր համար գոյութիւն չունի, այնինչ թուրքերը դուրս եկան նրա մօտից եւ յայտարարեցին, թէ Երեւանը թուրքական քաղաք է, իրենց ռեպորտաժներում հեգնեցին Հայաստանի ղեկավարին: Հայաստանի ղեկավարն իր արեւմտեան հովանաւորների միջնորդութիւնն է խնդրում` կորզելու «խաղաղութեան պայմանագիր» կոչուած թղթի կտորը, ինչը կը դարձնի իր գլխաւոր խաղաքարտը գալիք ընտրութիւններում, այնինչ Արեւմուտքը տէր չէ ո՛չ իր պարտադրած գաղափարաքաղաքական ծրագրին, ո՛չ հաշտութեան հասնելու երաշխաւորութեանը: Արեւմուտքը շարունակում է ողջունել Հայաստանի, այսպէս կոչուած, խաղաղասիրական ջանքերը եւ չնկատելու է տալիս թուրք-ատրպէյճանական ծաւալուող ակրեսիւութիւնն ու անվերջանալի պահանջները: Նիկոլ Փաշինեանը տեսնում է, թէ ինչպէս է հաւաքական արեւմուտքն օգտագործուած իրի պէս պատրաստւում հրաժարուել Զելենսկուց եւ հասկանում է, որ իր բախտակցի ճակատագիրը սպասում է իրեն: Իսկ ամենագլխաւորն այն է, որ կատարեալ ձախողման մատնուեց թուրքամէտութեան գաղափարախօսութիւնը` իր հետ կործանման սպառնալիքի առջեւ կանգնեցնելով Հայաստան պետութիւնը:
Հայոց ցեղասպանութիւնից մէկ դար անց հայութիւնը, եւ ոչ միայն նա, ականատես եղան ինչպէս արեւմտաթրքական ազդեցութեան ուժը Հայաստանում հրաժարուեց հայութեան ազգային-պետական աւանդական ռազմավարութիւնից եւ, գաղափարաքաղաքական շրջադարձ կատարելով, փորձեց հայութեան ու հայոց պետութեան համար բացել բարիդրացիութեան նոր ռազմավարական հեռանկար: Անփորձ եւ արտաքին թելադրանքի ենթակայ քաղաքական ուժն իր տնային հաշուարկներով ուզեց համաշխարհային շուկայում առեւտուր անել եւ կորցրեց ամէն ինչ, ընդհուպ` իր հեղինակութեան հետ պետութեան վարկը եւ անվտանգութեան երաշխիքները:
Կեանքը եւս մէկ անգամ փաստեց, որ ազգերն ու պետութիւնները կարող են ունենալ մարտավարական վրիպումներ, բայց ոչ դարերով կրկնուող ռազմավարական ձախողումներ: Հետեւաբար, նոր բան անելուց առաջ, ինչպէս ամէն ասպարէզում, նախ անհրաժեշտ է իւրացնել այն, ինչ եղել է քեզնից առաջ: Առաւել եւս պատմական մեծագոյն պատասխանատուութեան գիտակցութիւն է պահանջւում մի ղեկավարութիւնից, որը ցանկանում է յարաբերութիւնների շրջադարձի հասնել իր ժողովրդին ցեղասպանած եւ ցեղասպանութիւնների գաղափարաքաղաքական գործելակերպից չհրաժարուած հարեւանների հետ: Այսօր ոչ միայն հայերը, այլեւ շատ օտարներ են խօսում այն մասին, որ Նիկոլ Փաշինեանը Հայաստանը հասցրել է կործանման եզրին: Մեր ասելիքն աւարտենք, որպէս օրինակ ներկայացնելով Իսրայէլի հետախուզական ծառայութիւններից մէկի նախկին ղեկավար Եաքով Քետմիի կարծիքը: Զերծ մնալով որեւէ մեկնաբանութիւնից` ասենք պարզապէս, որ աւելորդ է Եաքով Քետմիին կասկածելը հայամէտութեան կամ հայկական որեւէ ուժի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մէջ:
«Նիկոլ Փաշինեանն իշխանութիւն գալով ամենաուժեղ հարուածը հասցրեց հայերի ազգային ինքնագիտակցութեանը: Նոյնիսկ պատերազմից յետոյ շարունակում է այդ հարուածները եւ պնդում, թէ առեւտուրը, բաց սահմանները խաղաղութիւն կը բերեն: Հայաստանը տարիներ շարունակ ունեցել է ազգային նպատակներ, իսկ հիմա հայերին ձեռք են առնում, ծաղրում են` ազգային նպատակները բերել- մտցնելով առեւտրի տիրոյթ: Իսկ մէկը հարցրե՞լ է Փաշինեանին` Թուրքիան եւ Ատրպէյճանը ցանկանո՞ւմ են խաղաղութիւն: Ինչպէ՞ս է Ատրպէյճանը ցանկանում խաղաղութիւն, երբ նոյնիսկ ձեր պնդմամբ`ձեր իսկ ռազմագերիներին չի վերադարձնում: Ինչպէ՞ս է ցանկանում խաղաղութիւն, երբ Հայաստանի տարածքները հռչակում է իր պատմական տարածքներ: Կամ Ատրպէյճանն այդ ամէնը ասում եւ անում է առանց Թուրքիոյ համաձայնութեա՞ն: Նիկոլ Փաշինեանի փրիմիթիւ պատկերացումները բնութագրում են իր թշուառ քաղաքականութիւնըէ:
Ակնյայտ է, որ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ասպարէզներում լիովին ձախողուած իշխանութիւնը սեփական անվտանգութիւնն ապահովելու ինքնանպատակ քայլերով միայն ողբերգութիւններ է բերելու հայութեան գլխին, եւ ազգային գաղափարախօսութեամբ առաջնորդուող ուժերի կողմից հայոց ընկղմուող նաւի կառավարումը ստանձնելը փրկութեան միակ երաշխիքն է: Այս մասին է մեզ յուշում նաեւ 110-ամեայ փորձութեան ճանապարհին բիւրեղացած ցեղասպանութեան յիշողութեան խորհուրդը: