ՑԻՒՐԻԽ․- Յունուար 24-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան, Տավոսի տնտեսական գագաթնաժողովէն ետք, հանդիպում ունեցաւ Զուիցերիոյ հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ եւ անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան՝ շարունակեց համահայկական օրակարգին հակասող իր ուղեգիծը եւ յայտարարեց, որ պէտք է հասկնալ, թէ ի՛նչ տեղի ունեցած է եւ ինչո՞ւ։
«Մենք Հայոց Ցեղասպանութեան պատմութեանն էլ պէտք է վերադառնանք: Պէտք է հասկանանք` լաւ, ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչո՞ւ է տեղի ունեցել: Եւ ինչպէ՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել: Ո՞նց է, որ 1939 թուին Հայոց Ցեղասպանութեան օրակարգ չի եղել, եւ ո՞նց է, որ 1950 թուին Հայոց Ցեղասպանութեան օրակարգ յայտնուել է: Ո՞նց է եղել, մենք պէ՞տք է հասկանանք, թէ չպէտք է հասկանանք: Այս թեմաների հետ պէտք է յարաբերուենք, թէ չպէտք է յարաբերուենք: Մենք մեր ինքնութիւնը կառավարում ենք, թէ մենք մեր ինքնութիւնը չենք կառավարում», ըսաւ ան ընդգծելով, որ ասոնք էական հարցեր են։
Առ այդ, Հ․Յ․Դ․ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակը Փաշինեանի անընդունելի յայտարարութիւնը դատապարտելով՝ հրապարակեց յայտարարութիւն մը.-
«Օրեր առաջ զուիցերիահայ համայնքի մի քանի անդամների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի կառավարութեան ղեկավարն իրեն թոյլ է տուել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ անընդունելի պնդումներ, որոնք իրենց էութեամբ այլ բան չեն, քան թուրքական ժխտողականութեան այնպիսի անպիտան թէզեր, որոնք տասնամեակներ շարունակ մերժուել են ոչ միայն Հայաստանի եւ համայն հայութեան, այլեւ միջազգային առաջադէմ հանրութեան, տասնեակ պետութիւնների, ոլորտի առաջատար գիտնականների, մասնագիտական կազմակերպութիւնների, եւ նոյնիսկ բազմաթիւ թուրք մտաւորականների կողմից:
Հայոց Ցեղասպանութեան էութեան նենգափոխումը, կատարուած ոճրագործութեան մասշտաբների մեղմացումը, Հայոց Ցեղասպանութեան խնդրի միջազգայնացման դէմ արշաւը եւ տարատեսակ այլ շահարկումները նախ եւ առաջ անարգանք են անմեղ զոհերի յիշատակին: Հայաստանի կառավարութեան ղեկավարի ցնորամիտ ելոյթները անարգանք են նաեւ Հայոց Ցեղասպանութիւնը տասնամեակներ շարունակ հետազօտող հայ եւ օտար գիտնականների, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման համար պայքարած հարիւրաւոր մարդասէրների, այդ ոճրագործութիւնն ընդունած տասնեակ պետութիւնների համար:
Ակնյայտ է, որ Հայաստանի վարչապետը իրականացնում է արդէն ոչ թէ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից հրաժարուելու, այլ Հայոց ցեղասպանութեան ուրացման քաղաքականութիւն:
Եթէ չլինէր մեր ժողովրդի, հասարակական-քաղաքական եւ ակադեմիական լայն շրջանակների ցասումն ու արհամարհանքը յիշեալ պնդումների նկատմամբ, գուցէ անհրաժեշտ լինէր, իբրեւ հակազդում փաշինեանական տգիտութեան, անդրադառնալ 1939-ի «ցեղասպանութիւն» եզրի բացակայութեանը, կամ աւելի ուշ, 1943-1944 թուականների Ռաֆայէլ Լեմքինի կողմից այդ տերմինի ստեղծմանը` ինչը Լեմկինի համար դարձել էր անհրաժեշտութիւն դեռ 1921 թուականից` էապէս ազդուած Սողոմոն Թեհլիրեանի դատավարութիւնից եւ նկարագրելու հէնց հայութեան դէմ կատարուածը: Առաւել, Լեմկինի իսկ վկայութեամբ, հայկական մի շարք կազմակերպութիւններ եւ հայ անհատներ կարեւոր ներդրում են ունեցել այդ ժամանակ նոր ձեւաւորուած Մ․Ա․Կ․-ի կողմից Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի (համագումարի) 1948ին որդեգրման, եւ ապա` տարբեր պետութիւնների կողմից վաւերացման գործում: Եթէ Փաշինեանի նկատմամբ լրջութեան որեւէ նշոյլ մնացած լինէր, գուցէ անհրաժեշտութիւն լինէր ընդգծել Հայոց Ցեղասպանութեան բացառիկ փաստագրուածութիւնը, անդրադառնալ նաեւ այն հսկայական գիտական, հանրային ու քաղաքական աշխատանքներին, որ մինչեւ երկրորդ Աշխարհամարտի սկիզբն ու դրանից յետոյ կատարուել են հայկական ջարդերի ուսումնասիրութեան, խնդրի միջազգային հանրահռչակման ու կանխարգելման ուղղութեամբ, սկսուած 1890ական թթ․ համիդեան ջարդերից, քանի որ արդէն 19րդ դարավերջից ու 20-րդ դարասկզբից, նոյնիսկ մինչեւ Հայոց Ցեղասպանութիւնը, եւրոպական բազմաթիւ երկրներում հասարակական-քաղաքական լայն շրջանակներն ու տեղական մամուլը խօսում էին իր հայրենիքում հայութեան դէմ սկիզբ առած բնաջնջման քաղաքականութեան մասին: Նաեւ հէ՛նց այդ պայքարի արդիւնքում էր, որ միջազգային յարաբերութիւններում հայութեանն առնչուող հարցերը արծարծելու համար Հ․Յ․ Դաշնակցութիւնը Ֆրանսիայում, Շուէյացարիայում, Միացեալ Թագաւորութիւնում, Ա․Մ․Ն․-ում եւ այլուր ստեղծեց ու օժանդակեց մի շարք կազմակերպութիւնների աշխատանք, որոնք էլ հետագայում գաղափարաքաղաքական հիմք հանդիսացան Հայ Դատի համակարգի ստեղծման համար:
Կիսագրագիտութեամբ համեմուած տգիտութեան հերթական դրսեւորման ընթացքում, Փաշինեանը փորձում է կրկնել այն ինչ նախկինում ասել է, թէ իբր մենք դրսից, «ինչ որ մէկի միջոցով ենք ընկալել» մեր պատմութիւնը:
Աւելին, Երկրորդ Համաշխարհային պատերազմից յետոյ ձեւաւորուած միջազգային յարաբերութիւնների համակարգը խիստ տարբեր էր նախապատերազմեայ ժամանակահատուածից եւ տրամաբանական է, որ հայ ժողովուրդը, օգտուելով ստեղծուած իրավիճակից աւելի մեծ թափով սկսեց հետապնդել Հայոց Ցեղասպանութեան միջազգայնացման խնդիրը` թէ՛ հայրենիքում, թէ՛ Սփիւռքում: Եթէ Հայաստանի առաջին Հանրապետութեան օրօք եւ առաջիկայ տասնամեակներին, միջազգային իրաւունքում ցեղասպանութեան յանցագործութեան որակման բացակայութեան պայմաններում հայութեան աշխատանքը կենտրոնացել էր Թուրքիայի կողմից գրաւուած եւ միջազգային պայմանագրերով Հայաստանին պատկանող տարածքների վերադարձի վրայ, ապա յատկապէս 1952-ից յետոյ, երբ արդէն ուժի մէջ էր մտել ՄԱԿի կողմից Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան, երբ Թուրքիոյ կողմից նոր թափ էր առել 1915-1923 թուականների հայութեան նկատմամբ գործուած մարդկութեան դէմ յանցագործութիւնները ժխտելու քաղաքականութիւնը, Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը եւս դարձաւ հայութեան օրակարգի հարց:
Ակնյայտ է, որ Հայաստանի վարչապետը, ով իր իշխանութեան երկարաձգման գործում հիմնականում հենւում է տարբեր ուժային կենտրոնների վրայ, վերջիններիս աջակցութեան կորստի մօտալուտ վտանգը զգալով, սկսել է դաշնակիցներ փնտռել թշնամական շրջանակներում եւ ներհայկական խօսոյթ ներմուծել այնպիսի գաղափարներ, որոնք, ինչպէս վերը նշուեցինք, տասնամեակներ շարունակ մերժուած է քաղաքակիրթ աշխարհի կողմից: Փաշինեանի անցած վեց եւ աւել տարիների վարքի տարբեր երեսներին կարելի է տալ իրաւական եւ/կամ բժշկական տարբեր գնահատականներ, սակայն այս` հայութեան ու Հայաստանի դէմ թշնամական վարքագծով պետութիւնների նկատմամբ իր հաւատարմութիւնը կարելի է բնորոշել նաեւ «ստոկհոլմեան համախտանիշով» (երբ զոհն սկսում է համակրանք տածել յարձակողի նկատմամբ, Stockholm syndrome): Այս հաւանական բացատրութիւնը չի մեղմացնում Փաշինեանի յանցագործութիւնը հայոց պետականութեան ու պետութեան նկատմամբ, այլ յաւելեալ անգամ ընդգծում է, որ վարչապետի աթոռին նստած` Փաշինեանը սխալ տեղում է:
Միջանկեալ նշենք, որ Հայաստանը տեւական ժամանակահատուած, սկսած 1990-ականների վերջից, բայց յատկապէս Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի շրջանակում, միջազգային յարաբերութիւններում դիրքաւորուել է որպէս Ցեղասպանութեան յանցագործութեան դէմ պայքարի առաջամարտիկ պետութիւն` էականօրէն բարելաւելով այդ յանցագործութեան վաղ ազդարարման ու կանխարգելման միջազգային իրաւաքաղաքական գործիքակազմերը: Սակայն, Հայասատանի վարչապետի այս եւ նման յայտարարութիւնները նաեւ այդ աշխատանքին են հարուածում:
Հայաստանի իշխանութիւնների կողմից նման յայտարարութիւնների պայմաններում Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների միջազգային ցանցը պարբերաբար առերեսւում է յաւելեալ խնդիրների, որոնց պայմաններում հայկական շահերի պաշտպանութեան ուղղութեամբ աշխատանքներն էապէս դժուարանում են: Պէտք է նկատել, որ նման յայտարարութիւնները Հայ Դատի ցանցին խանգարում են աւելի շատ, քան ատրպէյճանաթուրքական սադրանքները, վարձու լոբբիստներն ու ամէնուր տարածուող հակաքարոզչութիւնը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նոյնպէս հրապարակեց յայտարարութիւն մը, որուն մէջ դիտել կը տրուի, որ 1921-ին Գէորգ Ե. Սուրէնեանց կաթողիկոսին կողմէ արդէն 24 Ապրիլը սահմանուած էր իբրեւ Հայոց Եղեռնի զոհերու յիշատակի օր: Նոյն յայտարարութեան մէջ նաեւ կ՛ըսուի հետեւեալը.-
Հայոց Ցեղասպանութեան 50-րդ տարելիցին պետական յատուկ որոշմամբ եւ հոգածութեամբ Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցուած Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրը, ինչպէս նաեւ աշխարհի տարբեր կողմերում վեր խոյացած յուշակոթողները Եղեռնի դատապարտման հարցում ազգային, պետական եւ եկեղեցական միահամուռ կամքի եւ վճականութեան համընդհանուր դրսեւորում են: Նուիրական այս օրը յուշակոթողների առջեւ ամէնուր իր աղօթքն ու խոնարհումն է բերում մեր ժողովուրդը: Իսկ 2015 թուականին Գարեգին Բ. ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի հանդիսապետութեամբ կատարուեց Հայոց Ցեղասպանութեան ընթացքում «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակուած հայորդիների սրբադասման արարողութիւնը, որն ինքնին խօսուն վկայութիւն է Հայոց եկեղեցու դիրքորոշման: Հայոց Ցեղասպանութիւնը ոճրագործութիւն է ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ համայն մարդկութեան դէմ: Հրամայական է Հայոց Ցեղասպանութեան համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը կանխելու համար աշխարհում նմանօրինակ եղեռնագործութիւնները։
Նախապէս Հայաստանի արտաքին գործոց նախարարի պաշտօնը ստանձնած Վարդան Օսկանեան եւս անդրադարձաւ Փաշինեանի յայտարարութեան՝ գրելով հետեւեալը.-
Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւնները, որոնցով նա կասկածի տակ է դնում Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնն ու վիթխարիութիւնը, ոչ միայն ցնցող են, այլեւ անընդունելի Հայաստանի որեւէ ղեկավարի համար: Ակնարկելով, որ մի գուցէ հայերն իրենք են նաեւ պատասխանատու տեղի ունեցածի համար` Փաշինեանը կրկնում է Ցեղասպանութեան ժխտման ամենավտանգաւոր թէզերից մէկը, որը մէկ դարից աւելի տարածում է թուրքական պետութիւնը: Պատմական ճշմարտութեան եւ ազգային արժանապատուութեան այս ուրացումը Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերի յիշատակի անարագանք է:
Հայոց Ցեղասպանութիւնը 20-րդ դարի առաւել մանրակրկիտ փաստագրուած ոճրագործութիւններից է: Ապացոյցներն անհերքելի են. օսմանեան պաշտօնական փաստաթղթերը յստակ ուրուագծում են հայերին ոչնչացնելու ծրագրերը, վերապրածների, օտարերկրեայ դիւանագէտների եւ միսիոներների վկայութիւնները մանրամասնում են զանգուածային սպանութիւնները, բռնի տեղահանութիւնները եւ սովամահութիւնը, իսկ ժողովրդագրական տուեալներն անառարկելիօրէն ցոյց են տալիս Անատոլիայում հայկական համայնքների գրեթէ լիակատար բնաջնջումը: Այս փաստերը կասկածի տակ դնելը մտավարժանքի կամ բանավէճի հարց չէ, այլ բազմաթիւ գիտնականների, միջազգային կազմակերպութիւնների, պետութիւնների ու հէնց հայ ժողովրդի կողմից հաստատուած աներկբայ իրողութեան դիտաւորեալ անտեսում:
Հայոց Ցեղասպանութիւնը պարզապէս պատմական իրադարձութիւն չէ: Այն վէրք է, որը շարունակում է ձեւաւորել մեր ինքնութիւնը եւ տեղը աշխարհում: Ցանկացած հայ ղեկավարի բարոյական պարտքն է յարգել այդ պատմութիւնը եւ պայքարել ճանաչման ու արդարութեան համար: Փաշինեանի յայտարարութիւնները այդ պարտքի ուրացում են եւ անարգանք զոհերի յիշատակին: Դրանք վտանգում են ճանաչման ու պատասխանատուութեան տասնամեակների ջանքերը:
Երկրի ղեկավարի կողմից ժխտողական խօսոյթի գործածումը կրկին վկայում է, որ նա կորցրել է Հայաստանը ղեկավարելու բարոյական իրաւունքը: Հայաստանը արժանի է առաջնորդի, որը կը պաշտպանի իր ժողովրդի արժանապատուութիւնն ու պատմութիւնը, ոչ թէ կասկածի տակ կը դնի այն։