Ասպարէզը` Յաղթանակի Հաւատացողներին

0 0
Read Time:9 Minute, 41 Second

«Դրօշակ» – Թիւ 12
Առաջնորդող Յօդուած

44-օրեայ պատերազմից յետոյ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, թէ «նախորդները» վաղուց յանձնել էին Արցախը: Նա տարբեր առիթներով կրկնում է այդ միտքը` ամէն անգամ յիշելով նախկինում տեղի ունեցած տարբեր բանակցութիւններ եւ փաստաթղթեր: Կարծես` ոչ մի նշանակութիւն չունի, որ գերագոյն հրամանատար Փաշինեանի գլխաւորութեամբ երկիրը աննախադէպ պարտութիւն է կրել, իսկ աւելի շատ տարածքներ երկրի ղեկավար գերագոյն գլխաւոր հրամանատարը «յանձնել է թղթով»: Նշանակութիւն չունի, որ 2016 թուականի քառօրեայ պատերազմից յետոյ Ալիեւը խոստովանել էր, որ արտաքին ուժերը իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը: Ու նոյն Ալիեւը «գլխի չէր ընկնում» Փաշինեանի մատնանշած փաստաթղթերին յղում անել եւ խաղաղ ճանապարհով Արցախը «թղթով ստանալէ, ոչ թէ ռազմական սադրանքներ հրահրել թէ՛ նախկինների եւ թէ՛ Փաշինեանի օրօք:
Նշանակութիւն չունէին, կարծես, երկրի ղեկավար եղած ժամանակ Փաշինեանի յայտարարութիւնները, թէ` բանակցութիւնները սկսում է իր զրոյական կէտից, եւ թէ` Արցախը Հայաստան է եւ վերջ: Ինչպէս եւ նշանակութիւն չունեն օտարերկրեայ բարձրաստիճան պաշտօնեաների եւ հեղինակաւոր կազմակերպութիւնների ներկայացուցիչների յայտարարութիւնները, որ Նիկոլ Փաշինեանը առաջին հայ ղեկավարն է, որը Ղարաբաղը ճանաչել է Ատրպէյճանի կազմում, եւ այս պաշտօնական ճանաչումից յետոյ իրենք ոչինչ չեն կարող անել:
2020 թ. հայկական գերիշխանութեանը ենթակայ տարածքի 25 տոկոսը թշնամուն զիջելուց յետոյ Հայաստանի ղեկավարութեան համար իշխանութիւնը պահելու հարցը դարձաւ ինքնանպատակ, եւ նրա քաղաքականութեան մէջ գերակայ դարձաւ հետեւեալ մարտավարութիւնը` գոհացնել արտաքին շահագրգիռ ուժերին, որպէսզի իշխանութեան գլխին իր մնալը լինի ձեռնտու, իսկ երկրի ներսում հնարաւորինս գաղտնի պահել տեղի ունեցող բանակցային գործընթացներն ու հնարաւոր լուծումների հեռանկարը, ներկայացնել փաստերը ոչ ամբողջովին, անյստակ ձեւով` դրանք «մարսեցնելով» հայ հասարակութեանը` որպէս «առարկայական» իրավիճակից փրկութիւն եւ երաշխիք մշտական խաղաղութեան համար: Որպէսզի ներքին հնարաւոր բողոքը յանկարծ չսրբի ու դէն նետի իշխանութեանն ու նրա պայմանաւորուածութիւնները թուրքերի հետ, մանրամասնօրէն չեն ներկայացւում նախկին անքլաւները զիջելու, հաղորդակցական ուղիների բացման հանգամանքները, երբ յայտնի չէ, Հայաստանը կը ստանա՞յ որեւէ բան անքլաւները զիջելու ժամանակ, կամ յայտնի է` որ Ատրպէյճանի եւ մանաւանդ Թուրքիայի պահանջը մնում է Հայաստանի տարածքով «միջանցքի» ձեռքբերումը, որի նկատմամբ իրաւազօրութիւնը կը պատկանի իրենց:
Ի դէպ, Ատրպէյճանի իշխանութիւնն իր հասարակութեան համար բացայայտում է սեփական յաւակնութիւնները` Սիւնիքը, եթէ ոչ ողջ Հայաստանը, անուանելով «Արեւմտեան Ատրպէյճան», խօսում է ատրպէյճանցի փախստականների Հայաստան վերադարձի, միջանցքի խնդրի մասին, Արցախի հարցը յայտարարում է փակուած եւ այլն: Ընդ որում, Արցախի խնդիրը վերջնականապէս փակելու համար Ատրպէյճանի իշխանութիւնը պահանջեց եւ Հայաստանի իշխանութիւնից ստացաւ պայմանագրային գրաւոր հաւաստում այն մասին, որ Արցախը պատկանում է Ատրպէյճանին: Նիկոլ Փաշինեանն, իրեն բնորոշ ձեռնածութեամբ, փորձեց ներկայացնել, թէ Հայաստանի ու Ատրպէյճանի տարածքների չափերը փոխկապակցուած են, եւ մէկով պայմանաւորուած են միւսի չափն ու անխախտելիութիւնը:
Այնինչ ատրպէյճանական կողմն ընդհանրական յայտարարութիւն անելով տարածքային ամբողջականութեան մասին` երբեք չի յստակեցնում դրա սահմանների ու չափերի հարցը, այլ, ընդհակառակը, ոչ միայն նոր տարածքներ է պահանջում, այլեւ այս պահին 200 քառակուսի քիլոմեթր խորացել է Հայաստանի սահմաններից ներս եւ նպաստաւոր դիրքերում ամրանում է թէ՛ ամրաշինական աշխատանքների, թէ՛ ռազմուժի ու զինատեսակների կուտակման ճանապարհով: Ատրպէյճանական կողմը վերջերս հրաժարուեց նաեւ սահմանների յստակեցման համար հիմք ընդունել յստակ քարտէսներ եւ պահանջում է, որ այդ հանգամանքը տեղ չգտնի կնքուելիք խաղաղութեան պայմանագրում: Դա եւս վկայում է, որ խաղաղութեան պայմանագիրը կնքելով, ինչպէս նոյեմբերի 9-ին տեղի ունեցաւ, թշնամին ամրագրելու է նոր ձեռքբերումները, յետոյ դրանք մեկնաբանելու է ըստ ցանկութեան եւ կանգ չառնելով գրուածի սահմաններում` առաջ է շարժուելու նոր նուաճումների եւ նոր պահանջների ճանապարհով:
Ասուածը տեսական ենթադրութիւն չէ, այլ բխում է Նոյեմբերի 9-ից յետոյ տեղի ունեցածից, ինչպէս եւ` ատրպէյճանաթուրքական աշխարհաքաղաքական ակնառու յաւակնութիւններից: Այս առումով, Փաշինեանի ոչ պատահականօրէն յայտնուելը Հայաստանի իշխանութեան ղեկին Ալլահի նուէրն էր, որի միջոցով թուրքական դաշինքը կարճ ժամանակում ստացաւ աներեւակայելին եւ հիմա շտապում է ձեռք բերել շատ աւելին` հայ ժողովրդին հասցնելով այնպիսի մի իրավիճակի, որ երբեւէ որեւէ ազգային իշխանութիւն ունակ չլինի վերականգնելու հայոց պետութեան ինքնիշխանութիւնը: Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ պատմութեան ընթացքում մենք աւելի շատ յարաբերուել ենք Ատրպէյճանի ու Թուրքիայի, քան Ռուսաստանի հետ, եւ չի ասում, որ այդ յարաբերութիւնները եղել են իրաւական, ընկերային-տնտեսական, իսկ այնուհետ` ցեղասպանական գործողութիւններով հայ ժողովրդի դուրս մղման եւ նրա բնօրրանի իւրացման երկարատեւ գործընթաց: Դարերի եւ յատկապէս վերջին երկու հարիւր տարիների ընթացքում թշնամական քաղաքական զոյգը իր ծրագրերը իրականացրել է գրեթէ ամբողջապէս եւ հիմա հետապնդում է մեր պատմական հայրենիքից մնացած մէկ տասներորդին եւս փաստացի տէր դառնալու խնդիրը` Նիկոլ Փաշինեանի իշխանութեան բարենպաստ պայմաններում: Հայաստանի ղեկավարը կատարում է թշնամու պահանջները` յոյս ունենալով, որ նրանք մի տեղ կանգ կ՛առնեն եւ որպէս դրա երաշխաւորի` ցանկանում է ապաւինել Արեւմուտքի երաշխիքներին:
Ակնյայտ է, որ Փաշինեանը չի հաւատում, թէ հայ ժողովուրդն ընդունակ է ինքն իրեն պաշտպանելու, եւ թէ, հակառակը, ձգտում է թոյլ չտալ, որ տեղի ունենա ժողովրդի ոգու նոր վերելք: Ի հարկէ եթէ նա ունակ լինի սթափ գնահատելու, կ՛ընդունի, որ հայկական ինքնապաշտպանութեան փլուզումը եւ նորի կազմակերպման անհնարինութեան մտայնութիւնը իր իշխանութեան գալու եւ իր պարտուողական գաղափարախօսութեան արգասիքն են: Այդ իմաստով հայ ժողովրդի նկատմամբ նրա առաջին եւ ամենամեծ դաւաճանութիւնը ռազմական եւ պետական կառավարման փորձի լիովին բացակայութեան պայմաններում փաստացի պատերազմից դուրս չեկած երկրի ղեկավարը դառնալու յաւակնութիւնն էր: Յայտնուելով պարտութիւնների եւ այդ գահավիժումը յաղթահարելու անկարողութեան փաստի առջեւ` նա դարձել է թշնամու կամակատարը եւ այժմ Հայաստանը տանում է պատմական, քաղաքական, դիւանագիտական համընդհանուր պարտութեան:
Թշնամու առջեւ ծնկած իշխանութիւնը ոչ միայն ցեղասպանութեան պահին հրաժարուեց արցախահայութեան պաշտպանութիւնից, այլեւ ամէն ջանք գործադրեց, որ ո՛չ հայկական կողմերը, ո՛չ էլ արտաքին ուժերը բողոքի ձայն չբարձրացնեն հազարամեակներով հայապատկան Արցախի բռնազաւթման եւ ցեղային զտման հարցով: Նա հրաժարւում է ատրպէյճանաթուրքական ռազմական յանցագործութիւնների, նուաճողական յաւակնութիւնների դէմ բողոքից, անպատասխան է թողնում հակառակորդի սպառնալիքներն ու բարձրաձայնուող կեղծիքը Հայաստանի տարածքի իբր թէ նախկինում Ատրպէյճանին պատկանելու մասին: Թշնամիներից սարսափած` ոստիկանական պատնէշների հետեւում սեփական ժողովրդի առջեւ աքլորացող ղեկավարը անգամ Հայաստանի ներսում ցայսօր չի հանդիպել Արցախի պաշտօնական ներկայացուցիչների հետ, դէմ է Արցախի պետական կառոյցների պահպանմանը Հայաստանում եւ զրկել է նրանց գոյատեւելու ֆինանսական միջոցներից: Հակառակը` նրա պահանջով Արցախն ու արցախցին Հայաստանում պէտք է դադարեն այդպիսի կարգավիճակ եւ իրաւունքներ ունենալ, իսկ աւելի խորքային ձեւով հետապնդւում է արցախցիների համախմբումը թոյլ չտալու ու այնպիսի պայմանների ստեղծումը, երբ նրանք կամ նրանց զգալի հատուածը ստիպուած կը լինի լքել նաեւ Հայաստանը:
Փաշինեանի իշխանութիւնը ոչ միայն անհաղորդ է արցախահայութեան եւ ընդհանրապէս բոլոր բնական մտածողութեամբ հայերի ապրած մեծ ողբերգութեանը, այլեւ անամօթաբար անտարբեր է, երբ Արցախի ղեկավարութեանը Պաքու գերի տանելու ազգային նուաստացման դէմ միջոցառումներ ձեռնարկողը առաջին հերթին ինքը պէտք էր լինէր:
Կատարելով թուրքերի պահանջը` նա հայկական օրակարգից դուրս է հանում Ցեղասպանութեան հարցը եւ թուրք ազգայնամոլական տեսութիւնների հիման վրայ խեղաթիւրում է ողջ հայոց պատմութիւնը, դասագրքերում կեղծ պատմութիւն է գրել տալիս, որով «հայ պատմաբանները» զարգացնում են թուրք-ատրպէյճանցի պատմաբանների պատմաշինութեան կեղծ թեզերը: Կրթական-գիտական ծրագրերում ամրագրուած պատմագիտական, գրական-մշակութային առանցքային հայեցակարգերը վերանայւում են հիմնովին, այնտեղից դուրս են մղւում այն ամէնը, ինչը վերաբերում է հայ ժողովրդի պայքարին թուրք նուաճողների դէմ, ժողովրդի պատմական ինքնութիւնն ու հոգեկարտուածքը դարերով ձեւաւորած արժէքներին, ժողովրդի պատմական ընթացքի շարունակականութիւնը բնորոշող երեւոյթները: Այլ խօսքով, արտաքին ուժերի թելադրանքով ստանձնելով ժողովրդի եւ պետութեան աշխարհաքաղաքական կողմնորոշումներն ու գերակայութիւնները գլխիվայր շուռ տալու գործը, նոյն տրամաբանութեամբ նա ձեռնմուխ է եղել նաեւ յեղաշրջելու ժողովրդի գիտակցութիւնը` ձեւաւորելով «նոր հային», անարժանապատիւ ու յիշողութիւնից զուրկ ստրուկին, որը կը դառնայ նրա ազգակործան ծրագրերի հլու ենթական: Այս ուղղութեամբ արուած վերջին բնորոշ քայլերից է Րաֆֆու ստեղծագործութիւնների դուրս բերումը ուսումնական ծրագրերից (Ստալինն ու Քեմալը գերեզմանում հրճուանքից շուռումուռ կը գան հայ յեղկոմականների այսպիսի ժառանգորդների լոյս աշխարհ գալու համար):
Որպէսզի տպաւորութիւն չստեղծուի, թէ ժողովրդի բնորոշմամբ` «խեղճ Նիկոլը» չհասկանալով է ընկել այս ծուղակը, պէտք է յստակ լինի, որ դա այդպէս չէ: Նա իշխանութեան է եկել Արեւմուտքի թելադրանքով` Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու գլխաւոր առաքելութեամբ: Իր եւ իր հովանաւորների համոզմամբ, դա հնարաւոր կը լինէր անել նախ եւ առաջ Արցախից հրաժարուելու եւ Ռուսաստանին հակամարտող կողմերի վրայ ազդելու այդ լծակից զրկելու ճանապարհով: Ի հարկէ սա մեծ հոգեբանական խոչընդոտ չէր Նիկոլի համար, որովհետեւ նա միշտ անթաքոյց ատել է Արցախն ու արցախցիներին, աւելորդ բեռ է համարել դրանք Հայաստանի ուսերին եւ Լեւոն Տէր Պետրոսեանի նման` միշտ համարել է, որ` «․․․ամեն գնով ատրպէյճանցիների ու թուրքերի հետ պէտք է հասնել խաղաղութեան»: 2008 թուականին Նիկոլը միացաւ նոյն կարգախօսով մեկնարկած Լեւոն Տէր Պետրոսեանի նախագահական նախընտրական պայքարին եւ ջախջախիչ պարտութիւն կրեց, որովհետեւ այն օրերի հայութեան շատ աւելի մեծ տոկոսն էր տոգորուած հայրենասիրական ոգով, մեծ մասն էր գրագէտ, եւ բացարձակ մեծամասնութիւնը չէր պատկերացնում, որ Արցախը կարելի է զիջել: Դժբախտաբար Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ առաջնորդող ուժին սատարող զանգուածը դարձաւ վախկոտ, ազգային իտէալներին անհաղորդ, հակաարցախ եւ պատմական յիշողութիւնից զուրկ ամբոխը:
Փաշինեանն ու իր խմբակը քաղաքականապէս ձեւաւորուել են արեւմտեան աշխարհաքաղաքացիութեան եւ հակառուսականութեան գաղափարական հենքի վրայ եւ նոյնը կարողացան ներարկել իրենց ընտրազանգուածին: Պոլշեւիկեան ատելութեամբ նախկինների դէմ լցուած, Ռուսաստանին հայհոյող, թուրքերի եղբայրութեանը եւ արեւմտեան փրկիչներին հաւատացող հայութիւնը չի էլ ըմբռնում, որ պետութիւնը, երկիրը եւ հէնց ինքն իրեն տանում է քաղաքական ինքնասպանութեան: Եւ այս եզրակացութիւնը բնաւ կապ չունի ռուսներին սիրելու, Արեւմուտքը ատելու կամ հակառակի հետ: Քաղաքականութեան հարցում, ինչպէս յայտնի է, սիրով ու ատելութեամբ չեն առաջնորդւում, այլ` սառը հաշուարկով: Գոնէ Վրաստանի եւ Ուքրանիայի օրինակները մեզ պէտք է դաս լինէին աշխարհաքաղաքական մեծ հրդեհների մէջ վառելափայտի դերում չյայտնուելու համար: Կը բերի՞ Արեւմուտքը կամ ուրիշ մէկը իր զինուորներին մեզ համար ռուսների դէմ կռուեցնելու: Վրաստանի ու Ուքրանիայի օրինակները փաստում են, որ` ո՛չ: Կը գա՞յ, ի վերջոյ, Ռուսաստանը` մեզ փրկելու, կամ գոնէ` իր աւանդական շահերը Անդրկովկասում պաշտպանելու:
Նախ Ռուսաստանը գուցէեւ չկարողանայ դա անել թուրքարեւմտեան դաշինքի դէմ, եթէ անգամ ցանկանայ: Եւ յետոյ, ինչո՞ւ պէտք է անի դա, եթէ ի դէմս իշխանութեան եւ նրան ընտրող զանգուածի` Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը դարձել է հակառուսական եւ թեքուել է դէպի Արեւմուտք: Հայաստանում այս ուժի իշխանութեան պայմաններում Ռուսաստանն աւելի շուտ կը ձգտի արտաքին միւս ուժերի կողքին իր ազդեցութիւնը ապահովել Հայաստանում` յենուելով տնտեսական եւ ուժանիւթի լծակների վրայ եւ դուրս չբերելով այստեղից սեփական զինուժը: Հայաստանը Արեւմուտքի պահանջով ձգտելով ռուսական զինուժի դուրս մղմանը` միաժամանակ հասկանում է, որ յատկապէս տնտեսական ու ուժանիւթի կապերի խզման դէպքում Հայաստանում քաոս կ՛առաջանայ: Սա ստիպում է նրան ե՛ւ հաւատարմութիւն դրսեւորել ե՛ւ խաբել երկու բեւեռներին միաժամանակ:
Աւելացնենք, որ Հայաստանի համար, անշուշտ, խիստ կարեւոր է փոխգործակցութիւնը Արեւմուտքի հետ, ինչը, ի դէպ, հնարաւորինս հաւասարակշռուած ձեւով արուել է նախկինների օրօք` Հայաստանի համար ապահովելով որոշակի գործընկերային յարաբերութիւններ եւ հակադրութիւններից խուսափելու հնարաւորութիւն:
Աշխարհաքաղաքական հաշուարկներով պայմանաւորուած` այսօր ԵԱՀԿ եռանախագահութեան երկրները, ինչպէս եւ` այլ երկրներ, բարձրաձայնում են Արցախի հարցի քաղաքական լուծման անհրաժեշտութեան մասին (ինչին դէմ են ատրպէյճանաթուրքական դաշինքն ու Հայաստանի իշխանութիւնը): Սա նշանակում է, որ սպառուած չէ արցախցիների վերադարձի եւ Արցախի որոշակի կարգավիճակ ձեռք բերելու հնարաւորութիւնը: Ատրպէյճանցիք ու թուրքերը ներդաշնակելով իրենց քաղաքականութիւնը` Հայաստանի իշխանութիւններին ստիպում են հրաժարուել ոեւէ մէկի աջակցութիւնից եւ բանակցութիւններում հանդէս գալ միայնակ: Նոյն ժամանակ երկու թուրքական պետութիւնները ներկայանում են որպէս աշխարհաքաղաքական ու տնտեսական կարեւոր գործընկերներ ե՛ւ Ռուսաստանի ե՛ւ Արեւմուտքի համար եւ ձեռք են բերել բոլոր կողմերի որոշակի աջակցութիւնը: Հայաստանը այստեղ եւս տեղի տալով, այսպէս կոչուած, խաղաղութեան բանակցութիւններում կամաց-կամաց յայտնւում է մեկուսացման մէջ:
Միւս կողմից` Ատրպէյճանը կարողացել է բանակցութիւնների օրակարգից ամբողջովին դուրս մղել Արցախի ու արցախցիների հարցերը:
«Խաղաղութեան խաչմերուկի» կարգախօսը հրապարակ նետած Հայաստանի իշխանութիւնը ժողովրդին խաբում է այսօր եւ կխաբի Ատրպէյճանի հետ պայմանագիր կնքելուց յետոյ, իբր թէ «ցաւոտ զիջումների» գնով յաջողուել է հասնել երկարատեւ խաղաղութեան: Յետոյ կարճ ժամանակից ակնյայտ կը դառնայ, որ խաղաղութիւնն ու տարածքային անձեռնմխելիութիւնը դարձեալ ժամանակաւոր էին: Այն ժամանակ Հայաստանի իշխանութիւնը կը մոգոնի նոր ստեր․ այս ղեկավարութեան համար գլխաւորը սեփական իշխանութիւնը հնարաւորինս երկարաձգելն է, ինչը միջոց է օրինաչափ պատժից խուսափելու:
Իսկ արտաքուստ ամէն ինչ լաւ է․ իշխանութիւնը տնտեսաֆինանսական ինչ-ինչ յաջողութիւնների մասին փուչիկ է խաղացնում օդում, պարծենում է ասֆալթած ճանապարհներով եւ կառուցուող շէնքերով, եւ, այս օրերին, պատրաստւում է երկրով մէկ ամանորեայ շոուներ կազմակերպել, կարծես չեն եղել` ցեղասպանութեան միջոցով Արցախի կորուստն ու արցախահայութեան բռնագաղթը, տարուայ ընթացքում արձանագրուած բազմաթիւ զինուորների ողբերգական մահերը, Հայաստանի ռազմավարական տարածքներում թշնամու զօրքի առկայութիւնը, ինչպէս եւ չեն անհանգստացնում բանակցութիւնները, որոնց հետեւանքները կարող են ճակատագրական լինել երկրի համար: Իշխանութիւնը քողարկելով երկրի աղէտալի վիճակն ու հեռանկարները` փորձում է խաբել ժողովրդին ժամանակաւոր կայունութեամբ ու թուացեալ խաղաղութեամբ: Այնինչ նոր տարուայ գալուստը մօտեցնում է ամենավատատեսական կանխատեսումների իրականացման վտանգը:
Հայ ժողովրդի սերուցքը կը կանգնի՞ ոտքի եւ կը կանխի՞ պետութեան գահավիժումը: Չհիմնաւորուած լաւատեսութիւնը միայն թերահաւատութիւն կարող է առաջացնել: Այո՛, անհրաժեշտ է հայրենասէր մարդկանց եւ ուժերի գործնական միաւորում ոչ թէ ճառերի, այլ գործողութիւնների ծրագրի շուրջ, ինչը հիմնաւորուած կը լինի տրամաբանական քայլերի ճանապարհային քարտէսով: Համարձակութիւնը փուչ կեցուածք է, եթէ չի դրսեւորւում որպէս որոշակի եւ արդիւնաւէտ գործ:
Ժողովուրդների առաջընթացը կերտում են ոչ թէ ամբոխները, այլ` գիտակից փոքրամասնութիւնները: Իշխանութիւնը, որն արդէն իրեն է ենթարկել օրէնսդիր, գործադիր եւ դատական մարմինները, քարոզչական հիմնական դաշտը, ձգտում է ենթարկել նաեւ տեղական ողջ իշխանութիւնը, փաստացի պատրաստուելով գալիք ընտրութիւններում վերարտադրուելու եւ պաշտպանուելու, երբ մեծամասնութեան համար ակնյայտ կը դառնան պետականութեան եւ ինքնիշխանութեան անուերականգնելի կորուստները: Անհրաժեշտ է պայքար, իսկ պայքար նախեւառաջ նշանակում է հաւատ յաղթանակի նկատմամբ: Ասպարէզ պէտք է դուրս գան յաղթանակին հաւատացողները․ սրտացաւները գիտեն ինչ որ պէտք է, եւ ճառերի ժամանակը վաղուց անցել է:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles