Ճակատագրական ճամբաբաժանը

0 0
Read Time:6 Minute, 36 Second

 

Առաջնորդող Յօդուած

«Դրօշակ» – Հոկտեմբեր 2023

 

Նախ արձանագրենք փաստեր, որոնց մասին բարձրաձայնել են ազգային ուժերը՝ մերժելով իշխանութիւնների կեղծ տեսակէտները եւ որոնք այսօր արդէն կատարուած իրողութիւններ են։

– Արցախի նկատմամբ Ատրպէյճանի իրականացրած ռազմական վերջին ագրեսիան, շրջափակումից յետոյ արցախահայութեան դէմ ուղղուած ցեղասպանական եզրափակիչ գործողութիւնն էր։

– Ատրպէյճանի պատերազմական նոր վայրագութիւնների պայմաններում ողջ արցախահայութիւնը բռնագաղթեց բնօրրանից, որովհետեւ ի տարբերութիւն Նիկոլ դաւաճանի եւ նրա արտաքին հովանաւորների կեղծ հաւաստիացում­ների արցախի հայութիւնը համոզուած էր, որ դարաւոր ջարդարարի իշխանութեան ներքոյ չի կարող ունենալ խաղաղ, անվտանգ կեանք։

– Ատրպէյճանին ուղղուած Արեւմուտքի բոլոր յորդորներն ու դատապարտումները, Մ.Ա.Կ.-ի անվտանգութեան խորհրդի եւ միջազգային այլ ատեանների քննարկումներն ու որոշումները ձեւական բնոյթ էին կրում, քանի որ չէին ամրագրւում կոնկրէտ գործողութիւններով, ինչն էլ զսպելու փոխարէն աւելի խրախուսում էր Ատրպէյճանին՝ խտրութիւն չդնելու հայութեան դէմ նոր ցեղասպանութիւն իրականացնելու միջոցների մէջ։

Աւելին, նոյն Արեւմուտքը երկիմաստօրէն «զգուշացնում էր» արցախահայութեանը, որ Ատրպէյճանի գերիշխանութիւնը չընդունելու դէպքում, չեն կարող երաշխաւորել ատրպէյճանական ջարդերից։ Որ Արեւմուտքի բոլոր ցաւակցութիւնները, յորդորներն ու դատապարտումները իրենց երեսը գթասրտութեամբ շպարելու համար էին փաստում է եւ այն իրողութիւնը, որ Արցախի հարցը, ըստ իրեն, լուծելուց յետոյ Ատրպէյճանի ղեկավարը նոր պատերազմով է սպառնում Հայաստանին՝ պահանջելով անկլաւային բնակավայրերը։ Երեսպաշտ Արեւմուտքն էլ իր մխիթարութեան խօսքերով ու նիւթական փշրանքներով յայտնուեց այստեղ ճիշդ Արցախի հայաթափուելու յաջորդ օրը։

– Աւելացնենք, որ Ատրպէյճանի իշխանութիւնների համար 44-օրեայ պատերազմից ցայսօր ոչ պակաս կարեւոր թիկունք է Հայաստանի ղեկավարը, ով ձեւական մի քանի յայտարարութիւնների քողի ներքոյ ծածկադմփոց է անում ատրպէյճանական (չմոռանանք նաեւ թուրքական) վայրագութիւնների փաստերը, չի կազմում համապատասխան թղթածրարներ եւ չի հետապնդում յանցագործութիւնների ամրագրման յանցագործներին պատասխանատուութեան ենթարկելու խնդիրները։ Աւելին, Արցախը ճանաչելով Ատրպէյճանի մաս, 2023 թ. Սեպտեմբերի 19-20-ի պատերազմից առաջ յայտարարելով, թէ Հայաստանը չի միջամտելու, իսկ յետոյ գնահատելով, թէ Արցախի հայութեանը վտանգ չի սպառնում՝ նա նախ հաւաստեց Հայաստանի քաղաքական ու ռազմական չէզոքութիւնը, այնուհետեւ արդարացրեց տեղի ունեցած պատերազմական յանցագործութիւնները։

– ­Ցաւօք ճիշդ էր հայութեան սթափ, հայրենասէր հատուածը, որը ոչ միայն անցնող հինգ տարիներին, այլեւ արցախեան պայքարի սկզբնաւորման շրջանից զգուշացնում, աղաղակում էին, որ Արցախը Հայաստանի թիկունքն է, Արցախի անկումից յետոյ գալու է Զանգեզուրի հերթը։ Իրապէս էլ Արցախը հայաթափելուց անմիջապէս յետոյ մեծացաւ ճնշումը անկլաւների, ինչպէս եւ Զանգեզուրի միջանցքի հարցով։ Ոչ մի կասկած չկայ, որ Թուրքիան այս հարցում ոչ միայն հրահրող թիկունք է Ատրպէյճանի համար այլեւ, առաւել շահագրգռուած լինելով, աւելի մեծ ճնշում է գործադրում Հայաստանի անողնաշար ղեկավարութեան վրայ։

– Որքան էլ դժուար է հաշտուելը այս եզրակացութեան հետ, ստիպուած ենք, սակայն արձանագրել, որ գրեթէ կասկած չի յարուցում, Զանգեզուրի միջանցքը յանձնելու հարցում ընդհանուր փոխհամաձայնութիւն գոյութիւնը՝ բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ՝ սկսած Ատրպէյճանից ու Թուրքիայից, մինչեւ Արեւմուտք ու Ռուսաստան։ Անշուշտ սրանցից իւրաքանչիւրը տուեալ հարցում հետապնդում է իր շահը, սակայն երբ Հայաստանի ղեկավարութիւնը պատրաստակամութիւն է յայտնում յանձնելու երկիրը եւ մի հարց ունի միայն՝ իրեն նախապէս չեն ասում, թէ մինչեւ ինչքան տարածք են ուզում, իւրաքնչիւրը փորձում է զարգացում­ների գործընթացի մէջ լինել յաղթող կողմը, կամ թէ ստանալ առաւելագոյնը։ Այսօր արդէն ակնյայտ է, որ ինչպէս գրում են իրանցի քաղաքագէտները, ատրպէյճանաթրքական տանդեմի երազած բանթուրանական միջանցքը միաժամանակ ՆԱԹՕ-ական միջանցք է, որով Արեւմուտքը պէտք է հասնի կեդրոնական Ասիա, Ռուսաստանից կտրի ու հակառուսական պլացդարմի վերածի Ատրպէյճանն ու կեդրոնասիական հանրապետութիւնները, միաժամանակ չէզոքացնելով Չինաստանի ազդեցութիւնը նրա սահմանների մօտ խարիսխ նետելով։

Ռուսաստանը, որն իր աւանդական քաղաքականութեանը հաւատարիմ, շարունակում է թուրքական տարրի հետ Արեւմուտքի դէմ ճակատ կազմելու փորձերը միաժամանակ Զանգեզուրի միջանցքը տեսնում է որպէս իր տնտեսական զարկերակը վերակենդանացնելու այլընտրանքային տարբերակ։

Այս այլեւս բացայայտուած ծրագրերը ակնառու են դարձնում արցախեան փակ դուռը բացելու արտաքին ուժերի նպատակը։ Ընդ որում ելնելով աշխարհում եւ մեծ տարածաշրջանում աճող լարուածութիւնից շահագրգիռ ուժերը շտապում են խնդիրների ցանկալի լուծմանը հասնել օր առաջ՝ քանի դեռ նոր իրողութիւնները այլ կերպ չեն ձեւաւորուել։ Իսկ եղած պատկերից նորն ստանալու համար Արեւմուտքը ձգտում է նաեւ անկայունացնել կովկասեան տարածաշրջանը երկրորդ ճակատ բացելով Ռուսաստանի դէմ։

Աշխարհաքաղաքական այս մեծ խաղի մէջ ենթակայից առարկայի վերածուած Հայաստանը, ունենալով հանգուցային դիրք, երկրի բախտախնդիր իշխանութիւնների քաղաքականութեան պատճառով յայտնուել է այդ խաղի կեդրոնում, որպէս ռազմադաշտ, որին, օտար վերլուծաբաննների իսկ բնորոշմամբ, սպառնում է վերածուելը մշտապէս բռնկուող նոր պալքանների։ Տարածաշրջանով շահագրգիռ բոլոր տէրութիւննները մեր շուրջն իրականացնում են ակտիւ ու ագրեսիւ արտաքին քաղաքականութիւն, իրավիճակը յիշեցնում է մեծ պատերազմի նախօրեակ եւ այս բոլորի կողքին միակը, որի քաղաքականութիւնը աջ ու ձախ զիջումներով գերուժերի երաշխաւորած խաղաղութեանը հասնելն է բզկտուող Հայաստանն է՝ իր դաւաճան իշխանութիւններով։ Այս իշխանութեան վզի շղթաները, թէ դէպի ուր են ձգւում յայտնի է եղել իշխանութեան գալու առաջին օրերից, եթէ չասենք՝ դրանից առաջ։ Թէ մինչեւ 44 օրեայ պատերազմը եւ, թէ դրան հետեւած տարիների ողջ գործունէութիւնն ու գիտակցուած անգործութիւնը փաստում են գործող իշխանութեան ազգադաւ ծրագրերի մասին։ Այժմ նրանք կանգնած են յանձնելու գործընթացի յաջորդ փուլի առջեւ եւ իրենց գերխնդիրն այն է, որ հերթական յանձնումը իշխանութիւնը կորցնելու պատճառ չդառնայ։

Կատարուած ու տեղի ունեցող իրադարձութիւնները ցոյց են տալիս, որ Հայաստանի դաւադիր իշխանութիւնն իր հակահայ ծրագրերը իրականացնում է, գործողութիւնները ներդաշնակելով Ատրպէյճանի հետ։ Անկլաւների ու Զանգեզուրի միջանցքի հարցով վերջինիս սպառնալիքները շատ լաւ փոխանցւում են Նիկոլ Փաշինեանի թիմին, որը այս ընթացքում երկրում փորձում է ստեղծել մօտալուտ պատերազմի սպառնալիքի մթնոլորտ։ Որքան էլ անցանկալի է այս մասին գրելը, սակայն, ելնելով նախադէպերից սպասելի է, որ առաջիկայում Ատրպէյճանը դիմելու է փոքր ու մեծ սադրանքների հայկական կողմին պատճառելով կորուստներ, որոնք ի վերջոյ «փրկիչ» ղեկավարին պէտք է «ստիպեն» զիջելու ինչ որ բան մնացածը պահպանելու, կորուստներին վերջ տալու համար։ Չկասկածենք սակայն, որ սա եւս վերջը չի լինելու, գտնուելու է հազար ու մէկ պատրուակ թուրք-ատրպէյճանական շարունակական առաջխաղացման համար՝ մինչեւ Հայաստանի վերջնական կործանում։

Միւս կողմից ճանապարհին եղած արտաքին խոչընդոտներից հիմնականը վերացնելու համար այս շրջանում աւելի գործնական ու շօշափելի են դարձել Ռուսաստանի եւ նրա ռազմական համակարգի հետ կապերը խզելու հայ ղեկավարութեան քայլերը։ ՆԱԹՕ-ին տարածաշրջան բերելու համար Ռուսաստանն արդէն իսկ պատժում է Հայաստանին, սակայն անգամ «Արցախում եւ հեռու սահմանների մօտ» պատերազմը կարող է այնքան սարսափելի չթուալ պարզ հայաստանցու մաշկի համար, որքան տնտեսական, էներգետիկ այն «միջոցառումները», որոնք Ռուսաստանը կը կիրառի մեր երկրի դէմ։

Սրանով հանդերձ երկրից փախուստ տալուց առաջ Փաշինեանը շտապում է գլխակորոյս եւ առանց հետեւանքների մասին մտածելուն իրականացնել ստանձնած պարտաւորութիւնները։

Այս ազգակործան ծրագիրն իրականացնելու ճանապարհին ներքին խոչընդոտը չէզոքացնելու համար երկրում իրականացւում է տոտալ քարոզչութիւն։ Կեղծիքի ու զրպարտութեան տարածման համար, առանց միջոցների խնայողութեան գործի են դրուած պետական, պաշտօնական քարոզչամիջոցները եւ,այսպէս կոչուած, ֆէյքերի ֆապրիքան։ Այդ քարոզչութիւնն այսօր ունի մի քանի ուղղութիւն.

  1. Արդարացնել Փաշինեանի կատարած բոլոր դաւաճանական քայլերն

ու ծրագրերը,

  1. Հարուածել ընդդիմութեանը՝ ի դէմս որոշ անհատների ու յատկապէս

Դաշնակցութեան եւ

  1. Բորբոքել լայնատարած հակառուսական հիստերիա։

Առանձին հակաքարոզչութեան թիրախ է արցախահայութիւնը, որին Հայաստանի մտասեւեռուած ղեկավարը տեսնում է որպէս նոր խոչընդոտ ու վտանգ իր եւ իր ծրագրերի ճանապարհին։ Հայաստանի իշխանութիւնն իր գործունէութեամբ եւ ծրագրուած անգործութեամբ առաջիկայում ամէն ինչ անելու է արցախահայութեանը Հայաստանից դուրս մղելու համար։ Նրա հրահանգով արդէն իսկ սկսուել է կեղտոտ քարոզչութիւնը խոչընդոտելու, վարկաբեկելու եւ չէզոքացնելու նպատակով Արցախի ու արցախահայութեան իրաւունքների համար պայքարը։ Ցաւօք երեւոյթների խորքը չտեսնելով շատ մարդիկ ակամայից դառնում են տուեալ ազգադաւ քարոզչութեան կրողը եւ սպասարկուն։ Տարուելով օրուայ տաք թեմաներով յատկապէս համացանցային հոսանքի մէջ յայտնուած զանգուածը յաճախ չի ընկալում, որ «չգիտես որտեղից յայտնուած» տեղեկատուական փորձաքարը իրեն եւս բերում է դաշտը մի գզուըռտոցի, որը բխում է իշխանութեան ծրագրերից եւ որի թիրախը ազգային-պետական շահերն են։ Հմտօրէն մանիպուլացնելով յատկապէս համացանցային դաշտը իր ֆէյքերի նոսրացած շարքերի միջոցով իշխանութիւնը տպաւորութիւն է ստեղծում, թէ երկրում կայ տեսակէտների ինչպէս եւ քաղաքական ուժերի նկատմամբ համակրանք-հակակրանքի մեծ բաժանում եւ փորձում է դա «ծախել» հանրութեան վրայ որպէս իր նկատմամբ դեռեւս գոյութիւն ունեցող հզօր աջակցութեան արտայայտութիւն։

Ինչպէս ցոյց տուեցին Երեւանի աւագանու ընտրութիւնները անգամ ողջիշխանական լծակներն ու պետական համակարգին ենթակայ մարդկայինռեսուրսը մոպիլիզացնելու դէպքում նրան յաջողւում է ապահովել նուազագոյն ձայներ։

Ակնյայտ է, որ ժողովուրդը ատում է Փաշինեանին եւ նոյնքան ակնյայտ է, որ ժողովուրդը չի վստահում ընդդիմութեանը, իսկ աւելի ստոյգ՝ չի հաւատում, որ այսօրուայ ընդդիմութիւնը ունակ է իր որդեգրած օրինական ճանապարհով իշխանափոխութիւն իրականացնելու։

Ժողովուրդը թերեւս չի ընկալում, որ ինքն, ըստ էութեան, նոյն ընդդիմադիր ճամբարում եւ եթէ ցայսօր իշխանափոխութիւն տեղի չի ունեցել պատճառը մէկ կողմից բռնապետական անօրէն ռեժիմի դէմ օրինական ճանապարհով յաղթանակի հասնելու անհնարինութիւնն է, միւս կողմից թերագնահատումը այն հսկայ ուժի, որը իշխանութեան առջեւ կանգնած պաշտպանում է նրան՝ ի դէմս պետական ողջ համակարգի, ուժային կառոյցների, քարոզչական հզօր մեքենայի եւ այն արտաքին ուժերի, որոնց համար այսօրուայ դրածոյ իշխանութեան գոյութիւնը միակ երաշխիքն է Արցախի ու Հայաստանի հետ կապուած իրենց բոլոր ծրագրերի իրականացման համար։

Ժողովրդի մի զգալի հատուածի ներկայ թմբիրը, զոմպիացուած վիճակը, հանրութեան ակտիւ հատուածի գնալը սխալ թիրախների ետեւից նոյնպէս հիմնական գործօն են, որոնք ապահովում են իրեն սպառած, սակայն դեռեւս պատմութեան աղբանոցում չյայտնուած իշխանութեան գոյութիւնը։

Որքան էլ դժուար է այս մասին բարձրաձայնելը, սակայն ակնյայտ է, որ ազգովի գտնւում ենք մեծ ճամբաբաժանի առջեւ՝ կամ մենք կը փրկենք երկիրը կամ կառավարող խունթան պետութեանն ու մեզ կը տանի վերջնական կործանման։

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles