ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԸ ՀՐԱԺԱՐԵՑԱՒ

0 0
Read Time:4 Minute, 18 Second

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ․- Հինգշաբթի, Օգոստոս 31-ին, Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը իր հրաժարականը յայտարարեց։ Յարութիւնեան ըսաւ, թէ «աշխարհում ձեւաւորուած աշխարհաքաղաքական անկայուն վիճակը» եւ «արցախեան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտը» կը յուշեն ճկունութիւն դրսեւորելու անհրաժեշտութիւնը եւ մօտեցումերու փոփոխութիւնը։

Ան յայտնեց, թէ Ուրբաթ, Սեպտեմբեր 1-ին, իր պաշտօնական հրաժարականը պիտի ներկայացնէ Արցախի Ազգային Ժողովին։ Արայիկ Յարութիւնեան Արցախի նախագահութիւնը ստանձնած էր Մայիս 2020-ին եւ այդ պաշտօնը վարած էր Ատրպէյճանի կողմէ շղթայազերծուած 44-օրեայ պատերազմի օրերուն։ Արցախի պետական նախարար Գուրգէն Ներսիսեան նոյնպէս հրաժարեցաւ, փոխարինուելով Անվտանգութեան Խորհուրդի քարտուղար՝ Սամուէլ Շահրամանեանով։

Ստորեւ, Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը․-

Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետութեան նախագահ ընտրուելու արդիւնքում Մայիս 21, 2020-ին ստանձնել եմ Նախագահի լիազորութիւնները: Յաջորդ իսկ օրուանից անցել եմ Արցախի պաշտպանունակութիւնն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկութիւնն ապահովելու գործին: Ցաւօք, ընդամէնը չորս ամիս անց Ատրպէյճանի կողմից սանձազերծուեց 44-օրեայ պատերազմը, որն աւարտուեց մեր պարտութեամբ: Իհարկէ, կարելի է պարտութեան ողջ մեղաւորութիւնը բարդել Արցախի չորսամսեայ նախագահի վրայ, և ես ամէնևին չեմ հրաժարւում պատասխանատւութիւնից, բայց, հաւատացէք, մեզանից իւրաքանչիւրն ուներ պատասխանատվութեան իր բաժինը՝ ամէն մէկն իր կարգավիճակի ու կարողութիւնների չափով: Բոլոր դէպքերում, ես մի քանի անգամ յայտարարել եմ, հիմա հրապարակայնօրէն կրկին ներողութիւն եմ հայցում հայ ժողովրդից՝ մեղաւորութեան իմ բաժնի համար, բայցև նորից հաւաստիացնում եմ, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում ես ձեռնարկել եմ բոլոր քայլերն իմ ուժերի ու փաստացի լիազօրութիւնների սահմաններում, գուցէ և աւելին:
Հաւատացնում եմ, որ իրավիճակը ոչ պակաս բարդ էր նաև 44-օրեայ պատերազմից յետոյ, և ստեղծուած իրավիճակը պակաս պատասխանատւութիւն չէր պահանջում: Արցախը կանգնած էր կործանման եզրին, և կրկին ներքին կայունութիւնն ու ամրութիւնն ապահովելու ծայրայեղ անհրաժեշտութիւն կար: Թւում էր, թէ յետպատերազմեան հոգեճնշող վիճակը և հոգէֆիզիոլոգիական ծանրաբեռնուածութիւնը պէտք է յաղթած լինեին ինձ, բայց ես ուժ գտայ պատասխանատւութիւն ստանձնելու նաև այդ ժամանակ: Այդ ողջ ընթացքում ես իմ ամբողջ ներուժն ուղղել եմ Արցախում ներքին կայունութիւնն ամրապնդելուն, այդ պայմաններում ենթադրուող յանցաւորութեան աճը կանխելուն, արցախցիների հայրենադարձութիւնն ապահովելուն, երկրի սահմանադրական կարգն ու պետականութեան սիւները կանգուն պահելուն: Այո, որոշ հարցերում յաջողութիւններ չենք ունեցել, բայց, ընդհանուր առմամբ, ամենակարճ ժամկէտում ոչ միայն ուղղել ենք երկրի կորացած մէջքը, այլև կեանքը կրկին վերադարձրել որոշակի կայուն հուն:

Գուցէ հենց նաև դա էր պատճառը, որ ամէն գնով մեզ ոչնչացնելուն, ցեղասպանելուն պատրաստ Ատրպէյճանը Դեկտեմբեր 12, 2022-ից սկսեց Արցախի շրջափակումը, իսկ Յունիս 15, 2023-ից՝ նաև լիակատար պաշարումը: Դա տեղի ունեցաւ նաև այն պատճառով, որ, չնայած Արցախի ժողովրդի հանդէպ իրականացուող ամենօրեայ սադրանքներին ու բռնաճնշումներին, մեր ժողովուրդը շարունակում էր Արցախը շենացնելու իր սուրբ գործը:
Արդէն գրեթէ ինն ամիս է՝ Արցախը գտնւում է ատրպէյճանական շրջափակման մէջ, իսկ Արցախի պատանդառուած ժողովուրդը ենթարկւում է անթաքոյց ցեղասպանութեան: Այս ընթացքում մենք մեր կարողութիւնների սահմաններում ձեռնարկել ենք բոլոր հնարաւոր միջոցները ստեղծուած իրավիճակը աշխարհին ներկայացնելու և միջազգային հանրութեան աջակցութիւնը ստանալու համար, երկու անգամ հարցը քննարկման առարկայ էր դարձել նոյնիսկ Մ․Ա․Կ․-ի Անվտանգութեան խորհրդում, երկուական անգամներ Մ․Ա․Կ․-ի Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը կայացրել են Արցախն ապաշրջափակելու վերաբերեալ որոշումներ, բազմաթիւ յայտարարութիւններ ու կոչեր են հնչել հարիւրավոր միջազգային սուպիեկտների կողմից: Սակայն ատրպէյճանական ակրեսիվ վարքագիծը որևէ կերպ չի կանխուել:

Այսօր աշխարհում ձևաւորուած աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, տարածաշրջանային իրադարձութիւններն ու կանխատեսուող զարգացումները, Արցախում և դրա շուրջ տեղի ունեցող երեւոյթները, արցախեան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտն ուղղակիօրէն յուշում են, որ առկայ է մոտեցումների ու քայլերի փոփոխութեան, ճկունութիւն դրսևորելու անհրաժեշտութիւն: Նշուածին հասնելու համար Արցախում անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխութիւն՝ սկսած ինձնից:
Իմ կենսագրութիւնը և դրա հանդէպ Ատրպէյճանի վերաբերմունքը արհեստականօրէն ձևաւորում են մի շարք պայմաններ, որոնք էական խնդիրներ են յարուցում մեր յետագայ քայլերի կառուցման և ճկուն քաղաքականութեան վարման տեսանկիւնից: Բացի դրանից, պատերազմում պարտութիւնը և դրանից յետոյ երկրում ստեղծուած դժուարութիւններն էականօրէն նուազեցրել են նաև իշխանութիւնների, յատկապէս՝ Նախագահի նկատմամբ վստահութիւնը, ինչը լրջագոյնս խոչընդոտել է պատշաճ կառավարման յետագայ ընթացքին: Հետևաբար, պետք է փոփոխութիւնը սկսել հենց ինձնից: Վաղը ես Արցախի Հանրապետութեան ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետութեան նախագահի պաշտօնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշուի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրութեան հետ: Սա իմ ունեցած տուեալների վերլուծութեան արդիւնքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացուած բացառապէս իմ կողմից:
Նախքան այդ, այսօրուայ իմ հրամանագրով Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գուրգէն Ներսիսեանը ազատուել է զբաղեցրած պաշտօնից և պետական նախարար է նշանակուել Անվտանգութեան խորհրդի քարտուղար Սամուէլ Սերգէյի Շահրամանեանը, ում տրուել են լայն լիազօրութիւններ: Սամուէլ Շահրամանեանի ընտրութիւնը կատարելիս հաշուի եմ առել նրա սկզբունքայնութիւնը, ճկունութիւնը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականօրէն առնչւում են թէ՛ ազգային անվտանգութեանը և թէ՛ պետական կառավարմանը:
Իմ երախտագիտութիւնն եմ յայտնում Գուրգէն Ներսիսեանին և ուզում եմ յատուկ շեշտել, որ անգնահատելի է 44-օրեայ պատերազմի օրերին, դրան յաջորդող ժամանակահատուածում և շրջափակման ընթացքում նրա կատարած աշխատանքի նշանակութիւնը պետութեան համար: Նա պետական նախարարի պաշտօնը ստանձնել է Արցախի համար ծանրագոյն ժամանակներում, տքնաջան ու թափանցիկ աշխատանք է կատարել այդ դժուարին պայմաններում Արցախի ժողովրդին պատուհասած ծանրութիւնը մեղմելու ուղղութեամբ և պայքարելու, համառօրէն ու խիզախօրէն առաջ գնալու իր բնաւորութեամբ կարողացել է յաղթահարել բազմաթիւ խնդիրներ: Համոզուած եմ, որ նրա գիտելիքները և սկզբունքային, արդարացի, անզիջում ու հաստատակամ տեսակը շարունակելու են ծառայել Արցախին ու մեր ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ, ես շարունակելու եմ ընտանիքիս՝ Արցախում գտնուող անդամների հետ ապրել Արցախում, առաւելապէս ընդգրկուելու եմ Արցախի անվտանգութեան ապահովման գործում, շարունակելու եմ կրել իմ բաժին պատասխանատւութիւնը Արցախի ապագայի նկատմամբ և աջակցելու եմ երկրի գործող իշխանութիւններին: Իմ այս քայլն ուղղուած է նաև Արցախում ներքին կայունութիւնն ու հասարակական ամուր կարգն ապահովելուն: Ի հեճուկս բոլոր դժվարութիւնների, մեր ներքին կայունութիւնն ու հանրային համերաշխութիւնը բոլոր յաջողութիւնների նախապայմանն է, որից ցանկացած շեղում կամ շեղման փորձ պէտք է բացառուի:
Խաղաղութիւն, բարօրություն ու յաւերժականութիւն Արցախ աշխարհին ու հայ ազգին:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles